ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Կրեմլը երազում թե արթմնի ցանկանում է Սաակաշվիլու տապալումը

Կրեմլը երազում թե արթմնի ցանկանում է Սաակաշվիլու տապալումը
03.07.2009 | 00:00

Ո՛Չ ՊԱՏԵՐԱԶՄ, Ո՛Չ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Կարող է թվալ, թե մեր տարածաշրջանում ինչ-որ մեկի չար կամքով Վրաստանի շուրջ իրադարձությունները շարունակ կրկնվելու հատկանիշ են ձեռք բերում։ Համենայն դեպս, դժվար է այս տպավորությունից ազատվել, նկատի ունենալով անցյալ տարվա օգոստոսի իրադարձությունները և այս տարի դրանց կրկնությունը հավանական դարձնող իրադրությունը։
Եթե դատենք փաստերից ելնելով, ապա Ռուսաստանն այս օրերին սկսել է խորհրդային ժամանակներից ի վեր ամենալայնածավալ զորավարժությունների անցկացումը` անվանելով դրանք «Կովկաս-2009»։ Զորավարժություններում ընդգրկված են ավելի քան 8,5 հազար զինծառայող, 200 տանկ, 400 զրահամեքենա, 250 հրետանային կայանք, 30-ից ավելի ուղղաթիռ և ինքնաթիռ, ինչպես կործանիչներ, այնպես էլ բանակի հարվածային ավիացիային պատկանող և ռազմատրանսպորտային ինքնաթիռներ։ Զորավարժություններում որոշակի գործառույթներ են վերապահված ոչ միայն Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի զորամասերին և ռազմաօդային ուժերին, այլև կասպիական նավատորմիղի և Ռուսաստանի սևծովյան նավատորմին։ Միաժամանակ մասնակցում են Աբխազիայում և Հարավային Օսիայում տեղակայված ռուսական ռազմակայանների զինծառայողները, իսկ վրացական և արևմտյան աղբյուրների պնդմամբ, զորավարժությունների մի մասն անց է կացվելու Վրաստանից անջատված այդ տարածաշրջաններում։
Հատուկ ուշադրություն է դարձվելու այն «թերություններին», որոնք տեղ են գտել անցյալ տարվա օգոստոսին ռուսական զորքերի իրականացրած գործողություններում։ Բնութագրական է և այն, որ Ռուսաստանը զորավարժությունները դիտարկելու հնարավորություն չտվեց արտասահմանյան դիտորդներին, իսկ դրանց ավարտը նախատեսված է հուլիսի 6-ին, երբ Մոսկվայում կսկսվի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական այցը։ Փորձագետների կարծիքով, Աֆղանստանի և Իրանի խնդիրներին զուգահեռ, այդ բանակցություններում կարող է լուծվել նաև Կովկասի ճակատագիրը` «շահերի փոխանակման» տարբերակով։ Վրաստանն արդեն իսկ հայտարարել է, որ Ռուսաստանի նախաձեռնած զորավարժությունները «մաքուր սադրանք» են և ռազմական գործողությունների վերսկսման հնարավոր նախերգանք։ Թեպետ պետք չէ մոռանալ, որ Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների վերաբերյալ Մոսկվան նույն բնութագրումներն էր օգտագործում անցած տարվա մայիսին։ Միաժամանակ արժե հիշել, որ անցյալ տարվա «հնգօրյա պատերազմը» տեղի ունեցավ «Կովկաս-2008» զորավարժությունների ավարտից մի քանի օր անց։
Զուգահեռներն այսօր բավական շատ են։ ԶԼՄ-ները շարունակում են հաղորդել վրաց-աբխազական և վրաց-օսական հակամարտությունների գոտիներում բռնության դեպքերի մասին։ Ռուսական աղբյուրները տեղեկատվություն են տարածում, թե իբր Վրաստանը զինված ուժեր է կուտակում Հարավային Օսիայի սահմանի վրա, և «դրա նպատակը Լենգորի շրջանը խլելն է, ինչն իր հերթին մթնոլորտ է ստեղծում նոր լայնածավալ ռազմական գործողությունների համար»։ Բնականաբար, հարց է առաջանում, թե ինչու Ռուսաստանն այդ դեպքում հանդես եկավ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի խաղաղապահ առաքելությունների գործունեության կասեցման օգտին այս տարածաշրջանում, ինչը հանգեցրեց Վրաստանում ԵԱՀԿ առաքելության գործունեության դադարեցմանն անմիջապես։ Թեպետ կազմակերպության անդամ 56 երկրներից ոչ մեկն այս հարցում Ռուսաստանին չաջակցեց։ Մոսկվան շրջափակեց նաև ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության գործունեությունը, չնայած այն հանգամանքին, որ Աբխազիայի նախագահը դեռ մեկ-երկու ամիս առաջ շատ բարձր էր գնահատում այն և կարևորում դրա շարունակությունը։
Այսպիսով, ներկայումս օսերի և աբխազների հետ վրացիների շփման գծում են մնացել միայն Եվրամիության դիտորդները, որոնց մանդատը տարածվում է ոչ միայն բուֆերային, այլև բուն հակամարտությունների գոտիների վրա, և, չնայած դրան, Մոսկվան, Սուխումն ու Ցխինվալը թույլ չեն տալիս նրանց մտնել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածք։ Այսինքն, տեղի է ունենում կարգավորման հիմնական մեխանիզմների ապամոնտաժում։
Բնականաբար, դա հուսադրող չէ և հակամարտությունների գոտիներում ապրող բնակչության մեջ անհանգստություն է հարուցում։ Թբիլիսիում պաշտոնական այրերն էլ փորձում են օգտվել իրավիճակից և հայտարարում են, թե որքան էլ պարադոքս թվա, բայց տեղի ունեցածը քայլ է ճիշտ ուղղությամբ, որովհետև կհանգեցնի «Ռուսաստանի գործնական մեկուսացմանը»։ Ռուսաստանն իր հերթին դիտորդների գործունեության դադարեցումը կապում է Արևմուտքի և Վրաստանի դրսևորած դիրքորոշումների հետ։ Միաժամանակ իրավիճակը բարենպաստ չէ նաև վրաց-ռուսական դիվանագիտական հարաբերությունների այլ ճակատներում։ Այս օրերին Ժնևում անցկացվեց հերթական հանդիպումն այդ տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման համատեքստում, և ռուսական կողմն առաջարկեց Վրաստանին պայմանագիր կնքել Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ` ուժ չգործադրելու վերաբերյալ։ Վրացիներն իրենց հերթին հայտարարեցին, թե նման պայմանագիր կկնքեն Ռուսաստանի հետ` «վրացական տարածքների ապաօկուպացման և այդ տարածքներում ոստիկանական գործառույթներ ունեցող միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման դիմաց»։ Բնականաբար, Ռուսաստանը մտադիր չէ աջակցել նոր ձևաչափերի ստեղծմանն արևմտյան ներկայացուցիչների ներգրավմամբ և, ըստ այդմ, ժնևյան 6-րդ հանդիպումն էլ կլինի նախկինների նման «արդյունավետ», իսկ գուցե և վերջինը։
Որովհետև ռուս-վրացական հարաբերություններում նոր շրջադարձեր են նկատվում, երբ Աբխազիայի Կոդորի կիրճից արտաքսվել է վրացի երեք հոգևորական, որոնց մեղադրել են վրացամետ քարոզչություն իրականացնելու մեջ։ Ռուսական ուղղափառ եկեղեցին պատրաստակամություն է հայտնել վրաց «ուղղափառ եղբայրների» հետ քննարկել այս հարցը և Մոսկվա հրավիրել վրաց պատրիարք Իլյա Երկրորդին, որը, սակայն, հրաժարվել է այդ այցից։ Այսպիսով, ինչպես և մեկ տարի առաջ, Ռուսաստանը և Վրաստանը մրցավազքի մեջ են մտել մեկը մյուսին հարձակման մտադրություններ վերագրելու հարցում։ Կրակի վրա յուղ են լցնում նաև բոլոր տեսակի քաղաքական գործիչներն ու փորձագետները։ ՌԴ նախագահի նախկին խորհրդական Անդրեյ Իլարիոնովը ոչ միայն հավանական է համարում պատերազմի վերսկսումը, այլև նշում է կոնկրետ ժամկետ` հուլիսի 6-ը։ Ռուսաստանի նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովն իր հերթին ավելացրել է, որ Կովկաս ուղարկված տեխնիկան «ավելի քիչ չէ, քան օգոստոսյան հակամարտության նախօրեին, որ տեղի ունեցավ անցած տարի»։
Կրեմլի ընդդիմախոսները համարում են, որ ռազմական գործողությունների վերսկսման հնարավոր նպատակը կարող է լինել Վրաստանի` իբրև միասնական պետության գոյությանը վերջ տալը, նրա տարաբաժանումը մի քանի քվազի-պետությունների։ Ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուգերը, որն անսխալ կանխատեսել էր նախորդ պատերազմը, հայտարարում է. «Մոսկվային անհրաժեշտ է նոր հակամարտություն` վրացական տարածքով Հայաստանում գտնվող և մեծ կարևորություն ունեցող ռազմաբազաների հետ միջանցք ստեղծելու նպատակով»։ Ոչ անհայտ Դմիտրի Ռոգոզինն իր հերթին Վրաստանին առաջարկել է ձեռնպահ մնալ ռազմական գործողությունների դիմելուց, ավելացնելով, թե երբ Վրաստանը «ամեն անգամ դիմում է այդպիսի քայլի, դա նրա տարածքի կրճատման լրացուցիչ ռիսկ է»։ Իսկ գեներալ-լեյտենանտ և Անդրկովկասյան նախկին ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Յուրի Նետկաչովը ենթադրում է, որ ռազմական հակամարտությունը Վրաստանում արտասահմանյան զինված ուժերի մասնակցությամբ (պարտադիր չէ ռուսական) հնարավոր է, եթե «կտրուկ աճեն արմատական տրամադրությունները Ջավախեթիում, ուր տեղական առաջնորդները հայտարարել են Վրաստանից անջատվելու և Հայաստանի կազմ ընդգրկվելու մասին»։
Անշուշտ, ինչպես ռուսական, այնպես էլ վրացական պաշտոնական աղբյուրները քիչ հավանական են համարում ռուս-վրացական հերթական հակամարտությունը։ Թեպետ անցյալ տարի էլ բազմաթիվ քաղաքական գործիչներ դրա համար շարժառիթներ չէին տեսնում։ Տրամաբանական շարժառիթներ նոր պատերազմի համար, կարծես, չկան։ Ավելին, եթե Ռուսաստանն անցյալ տարի պատճառաբանություն ուներ Հարավային Օսիայում և Աբխազիայում իր քաղաքացիների պաշտպանությունը, ինչով փորձ էր արվում հիմնավորել պաշտոնական քարոզչությունը, և հասարակական կարծիքն ինչ-որ չափով նախապատրաստված էր, ապա այսօրվա ստատուս-քվոն պետք է սկզբունքորեն ձեռնտու լինի Կրեմլին, մանավանդ որ տնտեսական իրավիճակն էլ Ռուսաստանի համար առանձնապես բարենպաստ չէ։ Վրաստանին այսպիսի իրադրությունը, անշուշտ, ձեռնտու չէ, բայց այլ ելք չկա։ Այն պահից, երբ Ռուսաստանը կրկին սկսեց խաղացնել մկանները, իսկ Արևմուտքը զբաղված է այլ խնդիրներով և մի քիչ «սառել է» Վրաստանի նկատմամբ, տարածքային ամբողջականության վերականգնման մասին խոսակցությունները սյուրռեալիստական են, եթե նկատի ունենանք, որ ռուսական տանկերը գտնվում են Թբիլիսիից 1-2 ժամվա տարածության վրա, և դա, թերևս, ամենածանրակշիռ փաստարկն է։
Ելնելով վերոնշյալից, թվում է, թե իրավիճակը կմնա նույնը` ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն։ Չի կարելի բացառել, որ Ռուսաստանի և Վրաստանի իշխանությունները պարզապես խաղարկում են այս թեման։ Սաակաշվիլին` իր դիրքերը երկրի ներսում ամրապնդելու համար, իսկ Կրեմլը` «արտաքին վտանգի» պատրանքը պահպանելու համար։ Սակայն Կրեմլի համար Կովկասում պատերազմը միշտ էլ պատերազմ է, և այս պնդումը վաղուց հայտնի է Ռուսաստանում։ ՈՒստի չի բացառվում, որ ներկայիս ամառային սրացումը Մոսկվայի համար պարունակում է այլ շարժառիթներ։ Ամենից առաջ այն, որ Կրեմլը երազում թե արթմնի ցանկանում է Սաակաշվիլու տապալումը, և այդ դեպքում արդեն թեկուզ միայն ներխուժման սպառնալիքը կարող է բավարար լինել այդ հարցի լուծման համար։ Բացի այդ, Ռուսաստանում արդեն վաղուց գլխավոր «դիվանագիտական կառույց» է դարձել «Գազպրոմը», իսկ նրան չափազանց անհրաժեշտ է էներգետիկ այլընտրանքային խողովակաշարերի հնարավոր միջանցք հանդիսացող Վրաստանը դարձնել մշտական ռազմական լարվածության գոտի, ուր ոչ մի ներդրող քիթը չի խոթելու։ Ժամանակին Կովկասը նվաճելու գործում մեծ ներդրում ունեցած գեներալ Ալեքսանդր Երմոլովն ասել է, որ Ռուսաստանը տարածաշրջանը կարող է պահել` հենվելով երկու ոտքի վրա` ինչպես Հյուսիսային, այնպես էլ Հարավային Կովկասում։ Մինչդեռ Մոսկվայի խնդիրներն այս կապակցությամբ չեն նվազել, որովհետև Վրաստանը շարունակում է մնալ «ահաբեկիչների տարանցման գոտի»։ Նախորդ տարվա համեմատ, Հյուսիսային Կովկասում իրավիճակն ավելի է լարվել և դարձել անկանխատեսելի, մանավանդ որ վերջերս ՌԴ պաշտպանության նախարարությունը լուծարել է ռազմական հետախուզության «Արևմուտք» և «Արևելք» կոչվող երկու գումարտակները, իսկ դրանք ձևավորված էին Ռամզան Կադիրովի մրցակից, Ռուսաստանի հերոս և այսօր հանգուցյալ Յամադաևի կողմնակիցներից։ Հենց այ գումարտակներն անցած տարվա օգոստոսին դարձան ռուսական ռազմական խմբավորման հիմնական հարվածային ուժը Հարավային Օսիայում` ապահովելով Մոսկվայի հաղթանակը Թբիլիսիի նկատմամբ։ Հիմա ում կողմում են կռվելու այդ գումարտակների մարտիկներից շատերը, հատկապես նրանք, ովքեր լեռներն են հեռացել, պարզ չէ։ Թեպետ ակնհայտ է, որ Վրաստանի դեպքում Ռուսաստանը չի նահանջելու և ձեռքի տակ եղած բոլոր միջոցները գործադրելու է վերջնական հաղթանակի հասնելու համար ու հետ կքաշվի միայն վերջնական պարտություն կրելու դեպքում։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2363

Մեկնաբանություններ